


Արմինֆո.Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, շարունակությունն է այն ամենի, ինչ Հայաստանի քաղաքացիները սովոր էին տեսնել սերժաքոչարյանական կառավարման շրջանում։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով ՝ ավելի վաղ կերակրատաշտից կտրվածը կրկին վերադարձել է դրան, չգիտակցելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեն կամ պետական բյուջեն այլևս կերակրատաշտ չի: Բյուջեների միջոցները համայնքների և պետության կյանքի բարելավման աղբյուր են: "Հայաստանում բոլորը գիտեն, որ սերժաքոչարյանական կլանի ցանկացած ներկայացուցչի իշխանության գալու ամենափոքր հնարավորության դեպքում նա այդ հնարավորությունն օգտագործելու է իր կերակրատաշտը լցնելու համար, ինչն էլ արեց Վարդանիկը (Գյումրիի ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը-խմբ.)", - ասել է իշխանամետ պատգամավորը։ Նա հավելել է, որ անձամբ իր համար ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը հանցագործ է և քրեական աշխարհի ներկայացուցիչ:
Ալեքսանյանը մատնացույց է արել Գյումրիում Ղուկասյանին պատկանող շքեղ հյուրանոցը և հարց ուղղել, թե՝ եթե մարդը կոռուպցիոներ չէ, ընդամենը 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում, որտեղից նրան այդ ամենը:



