
Թուրքիայի կողմից Ռուսաստանի թիկունքին հասցված հարվածը, ինչպես միանգամայն ճիշտ որակեց այդ քայլը մեր նախագահ Վլադիմիր Պուտինը, անշուշտ, անպատասխան չի մնա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում ռուսական «ՍՈՒ-24» ռմբակոծիչը խոցվել էր Թուրքիայի ՌՕՈՒ «Ֆ-16»-ից արձակված հրթիռով և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: «ՍՈՒ-24»-ի երկու օդաչուները կատապուլկվել են, սակայն նրանցից մեկը վայրէջք կատարելիս զոհվել է ցամաքից արձակված կրակոցներից, մյուսը, չհաստատված տեղեկությունների համաձայն, փրկվել է Սիրիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից և գտնվում է Սիրիայի ռուսական ռազմակայանում: Եվս մեկ ռուս զինծառայող զոհվել է փրկարարական գործողության ժամանակ:
«Այդ ողբերգական միջադեպը չի կարող չանդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների ողջ լայն համալիրի վրա: Դա արդեն տեղի է ունենում և ակնհայտ է: Մենք հրաշալի հասկանում ենք պատմական և տնտեսական կապերը մեր ժողովուրդների միջև, որոնք պետք է ապրեն խաղաղության պայմաններում` հարստացնելով մեր փոխգործակցությունը: Սակայն այս, մեղմ ասած, ոչ բարեկամական ակցիան, անշուշտ, հետք կթողնի մեր երկրների հարաբերությունների վրա», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նրա գնահատմամբ, խոսքը վերաբերում է ոչ թե պատահականությանը, ոչ թե սխալին, այլ միտումնավոր գործողությանը, որը հանգեցրել է Ռուսաստանի քաղաքացիների մահվան: Զախարովան նշել է, որ ողբերգություն է ցանկացած ռուսաստանցու մահը, սակայն, հիշեցրել է, որ զոհված ռուսաստանցի զինծառայողները գտնվում էին Սիրիայում նրա անվտանգության ապահովման և աշխարհում ամրապնդման առաքելությամբ:
«Մենք այդ մասին բազմիցս խոսել ենք ամենատարբեր մակարդակներով: Եվ, իմ կարծիքով, այսօր ոչ ոք չի կասկածում, որ Սիրիայում Ռուսաստանի ՌՏՈՒ գործողությունը նպատակաուղղված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, այն ահաբեկչության, որի աջակիցները գործում են ողջ աշխարհում: Եվ այդ պայքարին այդպես խոչընդոտելը, մեղմ ասած, տարօրինակ է», - ամփոփել է Զախարովան: