
Արմինֆո. Հոկտեմբերի 21-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Այդ մասին հաղորդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝
ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ 2021 թվականին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում տեղի է ունեցել քաղաքական ուժերից մեկի կողմից նախընտրական հանրահավաքներին մասնակցելու հարկադրանք, և քանի որ հանրահավաքներին մասնակցելը ինչպես հին, այնպես էլ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, սեպտեմբերի 17-ին "Իրազեկ քաղաքացիների միավորումը" հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննել այդ հրապարակային հայտարարությունը:
Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել Արագածոտնի թեմում՝ նրա դիմումների հիման վրա: Երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական դատավարության համար նշանակություն ունեցող փաստաթղթեր․ էլեկտրոնային տեղեկատվության կրիչներ, առանձնապես խոշոր չափերի գումարներ, մեծ քանակությամբ ոսկյա և արծաթյա զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված վառելիքի բազմաթիվ կտրոններ, ինչպես նաև այլ իրեր և առարկաներ: Ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Տեր Գարեգին քահանա Արսենյանը և մի շարք աշխատակիցներ: