


Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են փոխշահավետ երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման, արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացման, ինչպես նաև նոր լոգիստիկ երթուղիների ստեղծման հնարավորությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման և պարենային անվտանգության ապահովման հեռանկարները։
Պապոյանը ընդգծել է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների, ինչպես նաև ղազախական կապիտալով ընկերությունների գործունեության կարևորությունը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել 2024-2025 թվականների առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի վերաբերյալ։
Պապոյանը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը՝ լիովին աջակցելով համատեղ ծրագրերի իրականացմանը և խթանելով նոր նախաձեռնությունները։



