
Ղարաբաղի հարցում Թուրքիան ռազմատենչ հռետորությունից հեռու չի գնա, քանի որ երկրի ղեկավարությունն առանց այդ էլ բավականին վախեցած է՝ Սիրիայում Ս-400 համակարգերի տեղակայման պատճառով, որոնք կարող են օգտագործվել թուրքական ինքնաթիռների դեմ: Այդ մասին, ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը՝ մեկանաբանելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքերը, որ ՙԹուրքիան հնարավոր ամեն բան կանի, որպեսզի Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն՚:
ՙԱմեն բան կսահմանափակվի միայն ռազմատենչ հայտարարություններով՚,- համոզված է Ժարիխինը: Նրա կարծիքով, Թուրքիան, անշուշտ, կփորձի մեծացնել ազդեցությունն Ադրբեջանի վրա, որպեսզի այս կամ այն կերպ օգտագործի վերջինիս Ռուսաստանի հետ դիմակայությունում, որն առաջացել է Սու-24-ի խոցումից հետո: Սակայն, Ժարիխինի կարծիքով, Իլհամ Ալիևը ՙխելացի քաղաքական գործիչ է՚, և որևէ մեկի կողմը չի բռնի: Ավելին, ինչպես ընդգծել է Ժարիխինը, Ադրբեջանն արդեն միջնորդական դեր է առաջարկել ռուս-թուրքական կոնֆլիկտի հարթեցման համար:
Ռուսաստանցի արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով, այժմ թե՛ ռուսական, թե՛ թուրքական կողմից շահարկումներ են տեղի ունենում Կովկասի թեմայով: ՙԴավութօղլուի հայտարարությունն արվել է՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվություն սահմանելու մեր պատգամավորների առաջարկի /համապատասխան օրինագիծ է մտցրել ՙՍպրավեդլիվայա Ռոսսիա՚ խմբակցությունը-խմբ./: Սակայն, այս ամենը էժանագին շահարկում է. թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվի, թե՛ Հայոց ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվություն սահմանումը որևէ բան չի տա: Այդ պատճառով նման հայտարարություններին հարկավոր է հումորով վերաբերել, ոչ ավելին՚,- նշել է փորձագետը:
Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը հիշեցնում է, որ Թուրքիան իր տեսակետը երբեք չի փոխել, բայց Դավուօղլուի հայտարարությունն, իհարկե, պատահական չէր: ՙԹուրքիան ակնարկել է մեզ, որ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի համար կարևոր տարբեր կետերում, և կարող է տարբեր կերպ օգտագործել այդ ազդեցությունը՚,- բացատում է Լուկյանովը.- իսկ ևս մեկ հակամարտություն՝ նույն Լեռնային Ղարաբաղում, հաստատ հիմա մեզ պետք չէ, քանի որ, ըստ պայմանագրի, մենք պետք է օգնենք Հայաստանին՚:
ՙԱվելի վաղ ռուսական արտաքին քաղաքական շրջանակներում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում որոշակի տեղաշարժեր են նկատվել: Խաղաղարար ծրագրի տարբերակների մեկն այն է, որ հայկական կողմը վերադարձնում է Ադրբեջանին հողերի մի մասը, միաժամանակ ադրբեջանական իշխանությունները պարտավորվում են զերծ մնալ հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորումից: Իրավիճակի նկատմամբ վերահսկողության նպատակով հակամարտության գոտում կարող են ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայվել: Այդ գաղափարները քննարկվել են ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից Հայաստան այցի ընթացքում, սակայն հայկական կողմին ձեռնտու չէ Ղարաբաղի շուրջ հողերի վերադարձը, որը Երևանում անվտանգության գոտի են համարում՚,- գրում է Գազետա.ռու-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար հինգշաբթի օրը ժամանել է Ադրբեջան, որտեղ, երկկողմ հարաբերություններից բացի, պատրաստվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Անկարան ՙհնարավոր ամեն բան կանի, որպեսզի Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն՚: Միաժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ՙԹուրքիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՚՝ միաժամանակ ընդգծելով, որ ՙԱդրբեջանի օկուպացված բոլոր տարածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, պետք է ազատագրվեն՚: Դավութօղլուն խոստացել է, որ Անկարան հնարավոր ամեն բան կանի դրա համար: