
Արմինֆո. Ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանի խորհրդարանի անդամները, քաղաքական գործիչները, փորձագետներն իսկապես ժամանակ առ ժամանակ շատ կոշտ քննադատում են Հայաստանին, կառավարությանը, ինքնիշխան որոշումները, նույնիսկ՝ անձերին, նկատի ունեմ Հայաստանի առաջնորդներին, և, իհարկե, դա խորացնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև թյուրըմբռնումն ու տարաձայնությունը։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ DW-ի հետ հարցազրույցում։
Նա նշել է, որ հայկական կողմը ռուսաստանցի գործընկերների ուշադրությունը հրավիրել է այդ քարոզչական հարձակումների վրա, սակայն նրանց պատասխանը գոհացուցիչ չի եղել: Այդ առնչությամբ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, դա նրա ընտրությունն է։ Գերատեսչության ղեկավարը պատմել է, որ Հայաստանը խորացնում է հարաբերություններն իր ռազմավարական գործընկերների՝ ԵՄ - ի, ԱՄՆ-ի հետ։ "Այնպես որ, կամ նորմալ գործընկերները հարգում են միմյանց կամ միմյանց որոշումները, կամ այդ գործընկերությունը թարմացման կարիք ունի", - ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:
Անդրադառնալով հարցազրույցը վարողի այն դիտարկմանը, թե՝ Ռուսաստանն ունի Հայաստանի նկատմամբ ճնշման զգալի գործիքակազմ, և՝ ուղիղ հարցին, թե՝ արդյոք մեր երկիրը չի վախենում Ռուսաստանից, Միրզոյանը նշել է, որ ՌԴ-ը գլխավոր տնտեսական և առևտրային գործընկերներից մեկն է, բայց Հայաստանը դիվերսիֆիկացնում է, գործնականում, ամեն ինչ՝ ներառյալ առևտուրը, տնտեսությունը, մատակարարումների շուկան և այլն:
Նախարարը նաեւ պատմել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք պնդում են, որպեսզի կառավարությունը դառնա "ռուսամետ"։ Սակայն, արտգործնախարարի ասելով, նման հարցերը պետք է լուծեն Հայաստանի քաղաքացիները։ "Մարդիկ հնարավորություն ունեն ինքնուրույն որոշելու երկրի ճակատագիրը. դա ընտրություններն են։ Մեր քաղաքական կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը։ 2021 թվականի ընտրություններում մենք ստացել ենք ժողովրդի աջակցությունը՝ ներքաղաքական լուրջ ճգնաժամից հետո, այն ժամանակ հանրային կարծիքի մի քանի հարցումներ են անցկացվել։ Մեր վարչապետն ասել է, որ ժողովրդավարությունն ու ԵՄ հետ հարաբերությունների խորացումն իր անձնական առաջնահերթությունն է և մեր քաղաքական կուսակցության ծրագիրը: Քանի որ հիմա կառավարությունը մենք ենք, մենք էլ իրականացնելու ենք այդ ծրագիրը։ Եթե մարդիկ համաձայն չեն և չեն կարող սպասել հաջորդ ընտրություններին, նրանք կարող են դուրս գալ փողոց, բողոքի ցույցեր կազմակերպել և հեղափոխություն անել: Մենք արհեստականորեն դրան չենք խոչընդոտում։ Ինչպես տեսնում եք, հեղափոխություն տեղի չի ունեցել, դա նշանակում է բնակչության, մեր քաղաքացիների կողմից լուռ աջակցություն մեր ծրագրին։ Իսկ եթե դա էլ բավարար չէ, ապա հաջորդ ամռանը մեզ մոտ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Ուստի ամբողջ աշխարհում բոլորը պետք է հարգեն մեր քաղաքացիների ձայնը և որոշումները", - հայտարարել է Միրզոյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի առաջիկա ընտրությունների ժամանակ կառավարող կուսակցությունը պատրաստվում է արտաքին միջամտության, այդ թվում ՝ Ռուսաստանի կողմից, նախարարը նշել է, որ իրենք արդեն մի քանի տարի ապրում են այդ մթնոլորտում: «Ուստի, մենք գիտենք, թե ինչպես է աշխատում այդ մեքենան: Մենք տեսել ենք արտաքին խաղացողների միջամտության բազմաթիվ փորձեր, այդ թվում՝ ձեր հիշատակած երկրից։ Հավանաբար, այդ փորձերը կաճեն։ Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ ռուսական ԶԼՄ-ները կոշտ քննադատում են Հայաստանի կառավարությանը, ժողովրդավարությունը և այլն: Կարծում ենք, որ առաջիկա ամիսներին դա կարող է ուժեղանալ, բայց կա այն, ինչ՝ կա», - ամփոփել է նա: