
Արմինֆո. Չկա ոչ մի միջանցք, կա TRIPP՝ Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման: DW-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
"Մեզանում ստեղծվել է տպավորություն, որ բանակցությունների բոլոր ամիսների և տարիների ընթացքում ադրբեջանական կողմը փորձել է արտատարածքային միջանցքի ինչ-որ հատկանիշներ հաղորդել այդ տարածքին։ Օրինակ, Ադրբեջանը պահանջում էր երկաթուղու երկայնքով տեղակայել երրորդ երկրի լրացուցիչ զինված ուժեր։ Ես հիշում եմ, թե ինչպես էին նրանք խոսում այն մասին, որ ռուսական զորքեր պետք է տեղակայվեն երկաթգծի երկայնքով: Դա, իհարկե, անընդունելի էր մեզ համար", - ասել է նախարարը։
Հայաստանի ինքնիշխանության և ազգային իրավազորության բոլոր ատրիբուտները ճանապարհի այդ հատվածում տեղակայված ենթակառուցվածքի նկատմամբ, ինչպես ընդգծել է Միրզոյանը, ճանաչվում են Ադրբեջանի և ԱՄՆ-ի կողմից։ «Այնպես որ, մենք մեր հողի վրա ոչ մի լրացուցիչ միջանցք չունենք: Կարևոր է իմանալ, որ խոսքը միայն այդ անցման մասին չէ, ոչ միայն՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ միացնելու մասին։ Մենք համաձայնագրում խոսում ենք երկու երկրների միջև բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների, ողջ ենթակառուցվածքի ապաշրջափակման մասին։ Այսպիսով՝ մենք, օրինակ, ստանում ենք հասանելիություն ադրբեջանական երկաթուղուն, ամբողջ համակարգին, ամբողջ շղթային։ Ադրբեջանը ստանում է հասանելիություն մեր երկաթուղուն։ Ամեն բան՝ ինչպես սովորական հարեւանների մոտ: Մենք կկարողանանք անցնել միմյանց տարածքով։ Դա այն է, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք", - պարզաբանել է ԱԳ նախարարը։
Նրա ասելով՝ այդ ճանապարհի կառավարումը պետք է իրականացվի հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից։ Վերջինս կարող է վարձել ենթակապալառուներ՝ ծառայություններ մատուցելու համար, և այդ ընկերությունները պետք է ընտրվեն փոխադարձ համաձայնությամբ:
«Ընտրվելիք ընկերությունը պետք է ստանա Հայաստանի և Միացյալ Նահանգների հաավանությունը: Մենք բաց ենք բազմաթիվ երկրների հետ համագործակցության համար։ Ես ոչ մեկի չեմ բացառում, բայց կան որոշ երկրներ, որոնց թեկնածությունը, հնարավոր է, մերժվի", - ասել է նախարարը։