


Արմինֆո. Շենգավիթի առաջին ատյանի քրեական դատարանում հոկտեմբերի 16-ին վերսկսվել է "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով դատավարությունը:
Փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությամբ նիստն ընթանում է դռնփակ: Որպես իր միջնորդության հիմնավորում ՝ փաստաբանը նշել է, որ մտադիր է ներկայացնել նոր հանգամանքներ, որոնց մասին տեղյակ չեն ոչ դատավորը, ոչ դատախազները, ոչ էլ մեղադրյալները։ Այդ տվյալները նա մտադիր է ներկայացնել փակ ռեժիմով։
Խորհրդակցելով դատավարության մասնակիցների հետ՝ դատավորը բավարարել է Վարդևանյանի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն տարածել էր հայտարարություն, որի համաձայն, "Սրբազան պայքարի" մասնակիցներն ու կազմակերպիչները ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Հայաստանում: Մեղադրյալի աթոռին է, ընդհանուր առմամբ, 18 մարդ։



