
Արմինֆո. Ինչու Իրանում հարգանքով են մոտենում քրիստոնեական մշակույթի և եկեղեցիների հանդեպ, իսկ Թուրքիայում եկեղեցիները կամ ոչնչացնում են, կամ՝ մզկիթի վերածում: Նման հարցադրում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա համոզմամբ՝ պատճառները կարևոր են, հատկապես, ներկայիս աշխարհաքաղաքական առումով: «Մեծ նշանակություն ունի Իրանի հարուստ մշակութային, քաղաքակրթական ու կրանական ժառանգությունը: Իրանը չունի ոչ լիարժեքության կոմպլեքս իր անցյալի հանդեպ: Իրանական քաղաքակրթությունը Իսլամով չի սկսվել ու Իսլամով չի վերջանում: Հարուստ մշակույթ ունեցող ժողովրդները հարգանքով էեն վերաբերվում նաև մյուս մշակույթների հանդեպ, հատկապես այն ժողովուրդների ու մշակույթների, որոնք իրենց տարածքում են ստեղծագործել, համարելով, որ դա նույնպես իրենց քաղաքակրթության մի մասն է:
Իրանում ոչ միայն հարգանքով են վերաբերվում պատմամշակութային նման ժառանգությանն, այլև պետական հոգածություն են ցուցաբերում», - գրել է Ստեփան Դանիելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա քաղաքագետն արձանագրում է, որ թուրքերն իրենց անցյալի հանդեպ ունեն անլիարժեքության բարդույթ, եւ պատճառը պարզ է: «Ժամանակակից թուրք ազգը խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում եղած մշակույթներն ու քաղաքակրթություն ստեղծած մյուս ժողովուրդների ժառանգությունը: Թուրքը կրոնափոխների խառնարան է և այդ ժողովուրդների ժառանգությունն իրենց հիշեցնում է իրենց ինքնության գաղտնիքները: Այսօրվա թուրքերը թուրք են դարձել միմիայն Իսլամի շնորհիվ ու Իսլամի միջոցով: Հանում ես Իսլամը, տակը ոչինչ չի մնում՝ դատարկություն: Մյուս մշակույթները ՛՛պահարում պահված հին ոսկորներ՛՛ են, որոնք պետք է այնտեղ էլ մնան, թագնված, որ չհիշեցնեն թուրքերի անցյալի մասին:
Դրա համար Թուրքիայում ատում են այդ ժողովուրդների ժառանգությունը, եկեղեցիները վերածում են մզկիթների, որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարված հաղթանակի խորհրդանիշներ:
Աթաթուրքը փորձեց թուրքերին վերածել քաղացիական ազգի, բայց դա բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ էր առաջացնում, որոնց պատասխանների որոնումը քայքայում էր թուրքերի ինքնությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զգալի մասը թանգարանների էին վերածվել, նորից մզկիթներ են դարձնում:
Այսօրվա Հայաստանն, ինչպես էլ այն չկոչեք, թեկուզ ՛՛Իրական՛՛, իրենց հիշեցնելու է իրենց բարդույթավորված անցյալը և իրենք, ինչ էլ մենք չանենք, շարունակելու են մեզ ատել: Ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ», - ամփոփել է քաղաքագետը: