
Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենին թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
ԵԱՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 15-ին Բաքու կատարած այցի շրջանակներում Վալտոնենը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
"Ժամանակացույցի անսպասելի փոփոխություններով պայմանավորված՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ։ ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությունը կշարունակի փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, ընդգծելով, որ ներառական երկխոսությունը վճռորոշ նշանակություն ունի ժողովրդավարական արժեքների առաջմղման և կայունության ամրապնդման համար", - ասվում է ԵԱՀԿ հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Վալտոնենը Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Ադրբեջանի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել խաղաղության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ի պատասխան ԵԱՀԿ-ին ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի՝ Ֆինլանդիան օգոստոսի 25-ին ԱԳ նախարարների խորհրդի նիստում առաջարկել է Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների փակման մասին որոշում, որը սեպտեմբերի 1-ին միաձայն հավանության է արժանացել բոլոր 57 մասնակից պետությունների կողմից:
"Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների փակման մասին որոշումն արտացոլում է կոնկրետ առաջընթացը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հաշտեցման եւ հարաբերությունների կարգավորման ձգտման մեջ։ Հասարակության բոլոր մակարդակներում մարդկանց միջև կապեր հաստատելը կենսական նշանակություն ունի իրական հաշտեցման համար: ԵԱՀԿ-ը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են կայուն խաղաղությանն ու կայունությանը, հատկապես՝ հակամարտությունից վաղուց տուժած համայնքների համար", - հայտարարել է Վալտոնենը։
Հատկանշական է, որ Վրաստան կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը ներկա է գտնվել ընդդիմության հանրահավաքին, ինչի առնչությամբ նրան չի ընդունել երկրի վարչապետը: