


Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կընդլայնվեն։ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 16-ի նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" օրենքում կատարված փոփոխություններին:
Ներկայացնելով փոփոխությունները՝ Բաքոյանը նշել է, որ օրենքի որոշ դրույթներ, որոնք վերաբերում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, վերանայման և հստակեցման կարիք ունեն: Նա, մասնավորապես, առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքի 11 հոդվածներում։ "Մասնավորապես, օրենքի մի շարք դրույթներ հստակեցվել և համապատասխանեցվել են նույն օրենքի մյուս դրույթներին: Առաջարկվում է հստակեցնել, որ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում վերջինիս հրաժարականի պատճառով, Պաշտպանը պարտավոր է հրապարակել եւ խորհրդարան ներկայացնել ամփոփիչ զեկույց, որը պարունակում է հաշվետվություն իր կողմից հերթական տարեկան հաշվետվությունը ներկայացնելու պահից մինչեւ հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի եւ կատարված աշխատանքների մասին:
Նախատեսվում է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր բացակայության ընթացքում կամ հրաժարականի դեպքում նրան փոխարինելու մասին որոշում կայացնելու անհնարինության դեպքում այն կիրականացնի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ի պաշտոնե ավագ ղեկավարը: Ընդ որում, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ավագ ղեկավարով մարդու իրավունքների պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու անհնարինության դեպքում այդ պարտականությունը դրվում է հաջորդ ղեկավարի վրա: Առաջարկվում են նաև այլ հստակեցումներ, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունների ընդլայնում:



