


Արմինֆո.Արագածոտն մարզի Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահայր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվել է հանրահավաքներին մասնակցելուն հարկադրելու քրեական գործի շրջանակում:
Ինչպես պատմել է հոգևորականի փաստաբան Արա Զոհրաբյանը, Արսենյանը մեղադրվում է Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանին հանրահավաքներին մասնակցելուն հարկադրելու գործում օժանդակելու համար: Վերջինս դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին հայտնի էր դարձել Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականների ձերբակալության մասին: Ավելի ուշ պարզվել է, որ հոգևորականները ձերբակալվել են "Իրազեկ քաղաքացիների միավորում" ՀԿ ղեկավար Դանիել Իոնիսյանի կողմից երկրի քննչական մարմիններին ներկայացված դիմումի հիման վրա: Դիմումը ներկայացվել է սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի այն ժամանակվա հոգևոր հովիվ Արամ Առաքելյանի տված հարցազրույցի կապակցությամբ։ Վերջինս Հ1-ի եթերում հայտարարել է, որ իրեն 2021 թվին պարտադրել են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունից հայտնի է դարձել 13 հոգևորականների, ինչպես նաև թեմի գանձապետի և հաշվապահի ձերբակալության մասին: Մինչդեռ, Հայաստանի քննչական կոմիտեից երեկ հայտարարել էին, որ հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում երեք անձի են կալանավորել, կատարվել են մի շարք խուզարկություններ ։



