
Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենն ավարտել է իր այցը Հայաստան:
ԵԱՀԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում արձանագրվում է, որ գործող նախագահը Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նշվում է, որ Վալտոնենը բարձր է գնահատել Հայաստանի անփոփոխ պատրաստակամությունը ՝ հետագա քայլեր ձեռնարկել խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Ֆինլանդիան հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման նախաձեռնությամբ, ինչը հանգեցրել է սեպտեմբերի 1-ին բոլոր 57 մասնակից պետությունների կողմից ընդունված նախարարների խորհրդի որոշմանը:
"Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման որոշումը կարևոր հանգրվան է կայուն խաղաղության ճանապարհին։ Այն իրենից ներկայացնում է այն պայմանավորվածությունների շոշափելի արդյունքը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ձգտման հարցում", - հայտարարել Է ԵԱՀԿ գործող նախագահը։
Գործող նախագահը նաև հայտնել է ԵԱՀԿ պատրաստակամությունը՝ համագործակցելու այն ոլորտներում, որտեղ Հայաստանը կազմակերպության մեջ հավելյալ արժեք է տեսնում:
"Հասարակության բոլոր մակարդակներում մարդկանց միջեւ շփումների ընդլայնումը շարունակում է վճռորոշ նշանակություն ունենալ հաշտության հասնելու համար։ ԵԱՀԿ-ը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին աջակցելուն, առաջին հերթին՝ օգուտ բերելով հակամարտության հետեւանքներից վաղուց տառապող բնակչությանը", - հայտարարել է Վալտոնենը։
Գործող նախագահը շփվել է նաև քաղաքացիական հասարակության և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Նա ողջունել է կառավարության բաց մոտեցումը Հայաստանի ակտիվ քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցությանը: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Ֆինլանդիան ընդգծում է քաղաքացիական հասարակության կարևորությունը ՝ որպես ժողովրդավարության հիմք:
Ֆինլանդիան նաեւ շարունակելու է առաջնահերթություն տալ գենդերային հավասարությանը և ազատ քաղաքացիական հասարակության գործունեությանը, ինչպես նաև աշխատել ԵԱՀԿ աշխատանքներին երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ