


Արմինֆո.Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը երբեք չի եղել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների օրակարգում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով հարցին, թե ինչ այլ պայմաններ է առաջ քաշում Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ բացի ՀՀ սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտների լուծարումից, նախարարը նշել է, որ հարցը տված լրագրողն ինքն է դրանք թվարկել․ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Սահմանադրության փոփոխություն։ Նա նաև խոստովանել է, որ Բաքուն միշտ որպես խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման նախապայման առաջ է քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և ՀՀ սահմանադրության փոփոխությունը:
"Ինչպես ճիշտ նկատեցիք, Մինսկի խմբի մասն, ըստ էության, լուծված է, կա քաղաքական որոշում, տեխնիկական հարցերը կլուծվեն մինչև դեկտեմբեր։ Ինչ վերաբերում է ՀՀ սահմանադրությանը, ապա հարկ եմ համարում նշել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա քննարկումների օրակարգում նման հարց չկա", - հաղորդել է Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության ընդունման հարցը բացառապես ներքաղաքական հարց է և այն պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը: "Հայաստանը երբեք նման պարտավորություններ չի ստանձնել և չի ստանձնի երրորդ կողմի առջև։ Դա ներքին օրակարգի հարց է։ Այո, Ադրբեջանը շարունակում է կապել և նշել այն որպես պայման։ Մենք այդ կապը չենք տեսնում", - ընդգծել է դիվանագետը



