


Արմինֆո.ՔՊ-ական հարթակները միտումնավոր կերպով խեղաթյուրում են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքերը` իրենց ցանկալի ձևով մեկնաբանելով նրա հայտարարությունները։ Այդ մասին հայտարարել է շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ Նարեկ Կարապետյանը հստակ ընդգծել է, որ «Մեր ձևով» շարժումը չի՛ քննարկում և ապագայում չի՛ դիտարկում նախընտրական դաշինքի հնարավորությունը ՀՀ նախկին նախագահների գլխավորած քաղաքական ուժերի հետ։ Նարեկ Կարապետյանը չի բացառել անհատ պրոֆեսիոնալների հետ համագործակցության հնարավորությունը, բայց ընդգծել է վերը նշված նախապայմանը», - նշել է շարժման մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ շարժումը ստեղծվել է այն բանից հետո, երբ ռուսաստանահայ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը կալանավորվել է "իշխաանությունը զավթելու կոչ անելու մեղադրանքով"՝ այն բանից հետո, երբ նա աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն: Շարժումն արդեն հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին ։



