
Հայտնի է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նկատմամբ եռանախագահող երկրների այն ընդհանուր դիրքորոշումը, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների և տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումն անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը: Այս դիրքորոշումը կիսում են բոլոր միջնորդները, և Ռուսաստանը բացառություն չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` «Ազատություն» ռադիոկայանին:
Բալայանի ասելով, Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի պնդումներին, Հայաստանի արտգործնախարարը բառացիորեն ասել է հետևյալը. «Մենք՝ այստեղ բոլոր ներկաներս, կարող ենք միայն մեր տարակուսանքը հայտնել, ինչպես դա եղավ Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը մերժեց բոլորի՝ Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների կողմից գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրում առաջարկված ձևակերպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հիմնված էր եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունների վրա։ Դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են մեկ ամբողջություն հանդիսացող` հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը», - պարզաբանել է Բալայանը:
Ինչպես նշել է ԱԳՆ մամլո խոսնակը, հայտնի է համանախագահ երկրների, բնականաբար, նաև Ռուսաստանի` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասնական մոտեցումն առ այն, որ այդ սկզբունքների և տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումը անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը։ «Պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավել ևս, որ այդ տարրերը և սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։
Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը և փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին», - հայտարարել է Բալայանը։ «Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը», - ամփոփել է ԱԳՆ մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախօրեին Թբիլիսիում Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը Ադրբետանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որը, նրա ասելով, համագործակցության ամենաթույլ օղակն է: «Ներկայում մենք համանախագահների անունից աշխատում ենք Ռուսաստանից ստացված առաջարկությունների վրա: Հայկական զինված ուժերի դուրս բերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, տեղահանված անձանց վերադարձը և ԼՂ հայկական ու ադրբեջանական համայնքների միջև շփումների հաստատումը հակամարտության կարգավորման կարևոր տարրերն են: Եվ մենք պետք է մեր քննարկումները կենտրոնացնենք այդ տարրերի վրա: Մեր բոլորի կարծիքներն այն մասին, որ չլուծված հակամարտությունը հիմնական խոչընդոտն է տարածաշարջանում համագործակցության համար, համընկնում են», - նշել էր նա: