


Արմինֆո. Երկիրը 44-օրյային ու դրան հաջորդող տարիներին ստացավ դաժան պատերազմ, ագրեսիա, հարձակումներ ու ըստ այդմ` մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ ու այս պայմաններում, դրա գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները իրականությունը քողարկելով պատրաստվում են իրենց իշխանության երկարաձգմանը:
ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է արձագանքել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցն ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելուց հրաժաավելուն:
«Իշխանությունը ժամանակին հայտարարում էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման և պարզման մարմինը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որի աշխատանքների ավարտից հետո հասարակությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները:
Ի՞նչ արեց դրանից իշխանությունը. խախտեց հանձնաժողովի աշխատանքների ժամկետները, իսկ հետո հայտարարեց, թե օրենքն այլևս հնարավորություն չի տալիս այդ պայմաններում զեկույցը ԱԺ լիագումար նիստում ներկայացնել ու սա այն դեպքում, որ մինչև այդ հայտարարվում էր, որ զեկույցի մի մասը բաց ձևաչափով է ներկայացվելու, իսկ գաղտնի հատվածը` փակ:
Իսկ ի՞նչ ունեցանք վերջնաարդյունքում. զեկույցին կարող են ծանոթանալ միայն համապատասխան գաղտնիության հասանելիություն ունեցող անձինք` խիստ սահմանափակ թվով, այն էլ` չհանրայնացնելու սկզբունքով», - գրել է Տիգրան Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել էր Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը ներառել ՀՀ Ազգային ժողովի նիստերի օրակարգում: Այն ժամանակ նշվում էր, որ նման որոշման հիմքը իշխանությունների ձգտումն էր "կանխել բացասական հետեւանքները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացի լույսի ներքո" ։



