
Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների աշխատանքային խմբի 2025 թվականի փետրվարի 17-ի եզրակացության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը: Այդ մասին հաղորդում է Free Armenian Prisoners նախաձեռնությունը։
Եզրակացությունում նշվում է շահերի բախումը, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը: Խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Օկամպոն իր փորձագիտական կարծիքում փաստարկված հիմնավորում է շահերի բախման առկայությունը, ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Աննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։ Լուիս Մորենո Օկամպոն իրականացրել է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննություն՝ WGAD-ի ներկայիս նախագահ-զեկուցող, ուկրաինացի իրավաբան տիկին Աննա Յուդկիվսկայի անաչառության վերաբերյալ։
«Աննա Յուդկիվսկան պետք է ձեռնպահ մնար Աշխատանքային խմբին ներկայացված Ադրբեջանի դեմ բոլոր գործերից։ Նա ունի շահերի բախում, որը բխում է նրա մասնագիտական աշխատանքից որպես Equity Law Firm-ի ակտիվ գործընկեր: Վերջինս տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղիղ ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև, որն էլ տվյալ վարույթում հանդես է գալիս որպես կողմ»,- փորձագիտական կարծիքում նշում է Օկամպոն։
Նա հիմնավորում է, որ այդ իրավիճակը հակասում է Վարքագծի կանոնագրքին և ՄԱԿ-ի մյուս կանոնակարգին, որոնք պահանջում են ինքնաբացարկ, երբ ֆինանսական շահերը համընկնում են ՄԱԿ-ի գործառույթների հետ. «Յուդկիվսկայի անկարողությունը՝ բացահայտելու այս դերը կամ ձեռնպահ մնալու կապված վարույթներից , հանդիսանում է WGAD-ի աշխատանքային մեթոդների 5-րդ կետի խախտում, որը նախատեսում է ինքնաբացարկ շահերի բախման դեպքերում»։ Օկամպոն նաև նշել է Գաննա Յուդկիվսկայի ամուսնու՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող ուկրաինացի քաղաքական գործչի՝ Ադրբեջանի հետ ունեցած սերտ անձնական և քաղաքական կապերի մասին:
«Այս հանգամանքների լույսի ներքո, հնարավոր համարժեք միջոցը կլինի, որ WGAD-ն անվավեր ճանաչի Կարծիք № 46/2024-ը և խնդրի սկզբնական դիմողին ներկայացնել նոր միջնորդություն, որը WGAD-ի կողմից կմշակվի նորից՝ de novo հիմունքներով»,-եզրակացությունում նշում է Օկամպոն:
Ըստ նրա՝ թափանցիկության և հաշվետվողականության համար, և նկատի ունենալով, որ վտանգի տակ է Աշխատանքային խմբի հեղինակությունը, խումբը կարող է հրապարակավ պատասխանել այս մեղադրանքներին: «Առանց լրացուցիչ խնդրանքի՝ WGAD-ը կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է կառավարվել այս գործը, ով է ծառայել որպես գործի զեկուցող և ինչպես են նրանք ընտրվել, արդյոք դոկտոր Յուդկիվսկան երբևէ բացահայտել է Աշխատանքային խմբի անդամներին և OHCHR անձնակազմին, որ իր իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Ադրբեջանի կառավարության շահերը, և, եթե այդպիսի բացահայտում կատարվել է, արդյոք Աշխատանքային խումբն անտեսել է այս
շահերի բախումը՝ նրան հնարավորություն տալով մասնակցել Ադրբեջանին վերաբերող գործերին», - ասվում է Օկամպոյի փորձագիտական եզրակացցությունում։
Հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը սկսել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ շինծու քրեական գործերով "մեղադրական եզրակացության" քննությունը: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը