


Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական թիմի հետ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին որոշակի ընտրազանգվածի առկայությունը, որը պետք է զարգացնել հերթական համաժողովրդական քվեարկությունից առաջ։ Սակայն միայն մասնակցությունը բավարար չի լինի, և այդ համատեքստում նախկին նախագահը հույս է հայտնել համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, որոնց հետ ակնհայտ կդառնա երկիրը իրական փոփոխությունների տանելու հնարավորությունը:
Այդուհանդերձ, ինչպես նկատել է Քոչարյանը, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորած "Մեր ձեւով" շարժման հետ համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է։ "Եթե ես ճիշտ եմ հասկանում, այդ շարժումը ձգտում է տարանջատվել նախկին իշխանություններից՝ ներգրավելով նոր դեմքերի, և եթե չկա համագործակցության փոխադարձ ցանկություն, ապա դրանից ոչինչ չի ստացվի։ Բայց դա արդեն մեր խնդիրը չէ։ Մենք հայտարարում ենք, որ այո, բոլոր նրանք, ովքեր կիսում են այն դիրքորոշումը, որ որևէ պարագայում Փաշինյանի հետ կոալիցիա չեն կազմի, ինչի մասին խոսվել է նաև Գյումրիում, մենք պատրաստ ենք խոսել։ Արդեն հետո, քվեարկության արդյունքում ստացված ձայների համաձայն, արդեն հնարավոր չի լինի չհամագործակցել խորհրդարանի պատերի ներսում", - նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Խոսելով ընտրություններին սեփական մասնակցության մասին՝ նախկին նախագահն ընդգծել է, որ պատրաստ է տեղը զիջել ցանկացած այլ թեկնածուի, եթե նա կարողանա ավելի շատ ձայներ հավաքել:



