
Արմինֆո. Հայաստանի իշխանությունների կողմից ռազմական բյուջեի կրճատումը, հատկապես Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին, մեղմ ասած մտահոգիչ է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
«Ակնհայտ է, որ սա արվում է ոչ թե ելնելով անհրաժեշտությունից և ռազմավարական հաշվարկներից, այլ «խաղաղության օրակարգը» հրամցնելու համար՝ ինչպես ներսի, այնպես էլ դրսի լսարանի համար։ Եվ սա տեղի է ունենում գլոբալ և տարածաշրջանային ցնցումների ժամանակաշրջանում, երբ աշխարհը այլ ճանապարհով է գնում։
Օրինակ ԱՄՆ-ն ամբողջապես փոխում է իր ռազմական տրամաբանությունը: «Պաշտպանության դեպարտամենտի» անվանափոխումը «Պատերազմի դեպարտամենտի» զուտ տեխնիկական փոփոխություն չէ. սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վերանայում է իր մոտեցումը աշխարհում տիրող իրավիճակին՝ գնահատելով ապագայի զարգացումներն ու մարտահրավերները: ԱՄՆ Պատերազմի քարտուղարը օրեր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատերազմի և առաջ է մղելու «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքը:
Հեգսեթը բառացիորեն նշեց, որ Պատերազմի դեպարտամենտի միակ առաքելությունը պատերազմ վարելն է լինելու:
Իր հերթին, Թրամփը հայտարարեց, որ 2026թ. նախատեսում է ռազմական կարիքների համար տրամադրել 1 տրիլիոն դոլար, ինչը աննախադեպ մեծ բյուջե է:
Այս ամենի ֆոնին Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման», - ընդգծել է Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականին Հայաստանը Պաշտպանության նախարարությանը հատկացումները կկրճատի մոտ 15,2%-ով՝ 664,7 մլրդ դրամից մինչեւ 563,1 մլրդ դրամ (մոտ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար)։ Բացարձակ թվերով կրճատումը կկազմի 101,5 մլրդ դրամ (մոտ 270 մլն դոլար)։ Ինչպես ասվում է կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում հավանության արժանացած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ուղերձում, 2026 թվականին Հայաստանի պաշտպանության ապահովման, մասնավորապես, զինված ուժերի ռազմավարական տեղակայման ապահովման համար մարտական պատրաստության պահպանման, արտաքին թշնամիներից պետական սահմանների պաշտպանության ապահովման ծախսերը կկազմեն 560 մլրդ 98 մլն դրամ (մոտ 1,46 մլրդ դոլար): Մինչդեռ, պաշտպանական ոլորտի ծախսերը այս տարվա բյուջեում ամրագրված են 664,7 մլրդ դրամի (մոտ 1,73 մլրդ դոլար) մակարդակում, ինչը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանական ծախսերը։