
Արմինֆո. Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը։ Իսկ Բաքուն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ․ մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարը հիշեցրել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին բաղադրիչից զատ կա նաև Խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է Ադրբեջանի նախարարի և իր կողմից։
«Այսպիսով, մենք պատրաստ ենք. տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները», - ասել է նախարարը։
Ինչպես նշել է Արարատ Միրզոյանը, տասնամյակների հակամարտությունից հետո ծանր բեռ է կուտակվել տարբեր հարթակներում, փաստաթղթերում, կոնվենցիաներում, որտեղ կողմերն ունեցել են վերապահումներ, հատուկ կարծիքներ և այլն։
«Մենք համատեղ դիմել ենք ԵԱՀԿ կառույցներին՝ խնդրելով փակել Մինսկի գործընթացի կառույցները։ Սա արդեն իրագործված քայլ է։ Կա նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Այն վաղուց է մեկնարկել։ Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը: Օրինակ՝ այդ սահմանային հատվածում գտնվող հայկական գյուղ այցելելիս կարելի է տեսնել, որ այն իրապես զարգանում է․ կառուցվել է նոր դպրոց, մարդիկ իրենց առավել ապահով են զգում, բնակչության, գյուղացիների շրջանում անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա։ Այսպիսով, կան գործընթացներ, որոնք արդեն ընթանում են, և կան նաև քայլեր, որոնք դեռևս առջևում են», - հայտարարել է նա։
Անդրադառնալով գործընթացի դժվարություններին՝ Միրզոյանը հայտարարել է «կուտակված ծանր հոգեբանական բեռի», «երկու կողմերում առկա արյան պատմության ու հիշողության» մասին։
«Կարծում եմ՝ հասարակությունների շրջանում, հավանաբար երկու կողմում էլ, դեռևս պահպանվում է զգուշավորություն: Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին», - ընդգծել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: