
Արմինֆո.Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունը, և խոսքը ողջ ենթակառուցվածքի մասին է։ Եվ այսպես, Հայաստանը մուտք է ստանում դեպի Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը՝ դեպի Հայաստանի, իսկ հետագայում ՝ ավտոմոբիլային ճանապարհների և այլ ենթակառուցվածքների։
Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքները՝ այնպես, ինչպես անում են սովորական հարևանները, օրինակ, Եվրոպայում կամ այլուր: Այդ ենթակառուցվածքի այն մասը, որն ամենակարճ հաղորդակցությունն է Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, պետք է շահագործվի TRIPP ծրագրի շրջանակներում, այսինքն՝ "Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման", - ասել է նա:
Նախարարի խոսքով ՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն, իր հերթին, կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։
Այսպիսով, ինչպես հավաստիացրել է արտգործնախարարը, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ «Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կա այդ սահմանների, մասնավորապես, Թուրքիայի հետ սահմանի բացման մոտավոր ժամանակացույց՝ ազատ տարանցման, ուղևորությունների և այլնի համար, և արդյոք արդեն հայտնի է, թե երբ է այդ երկաթուղին իսկապես աշխատելու, Միրոզյանը հայտարարել է, որ հայկական կողմը ԱՄՆ պատվիրակության կամ խմբի հետ պետք է համաձայնեցնի տեխնիկական լուծումները, անցման տեխնիկական մանրամասները և իր նշած ընկերությունը: Ամերիկացի գործընկերների հետ բանակցություններն արդեն սկսվել են, և, ինչպես կարծում է ԱԳ նախարարը, հնարավոր կլինի այդ գործընթացն ավարտել առաջիկա ամիսներին, և այդ ժամանակ շինարարությունը պետք է սկսվի:
«Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, փորձագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի: Բայց մենք շատ շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի շուտափույթ կարգավորմամբ, բացմամբ և վերականգնմամբ, քանի որ, ինչպես աարդեն ասացի, մենք գլխավոր շահառուներից մեկն ենք ։ Մենք կարող ենք նաև, օրինակ, ապրանքներ ուղարկել և ստանալ՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքն ու տարածքը», - ասել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: