
Արմինֆո. Արցախյան պատերազմի 7 մասնակիցներ ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք Կառավարության տան մոտ վայր են դրել իրենց մարտական պարգևները՝ ի նշան բողոքի պատմությունը վերաշարադրելու և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը մոռացության մատնելու իշխանությունների փորձի դեմ։
Ակցիայի մասնակիցները ցանկացել են ցույց տալ, որ, չնայած իշխանությունների կողմից իրենց հաղթանակների նշանակությունը արժեզրկելու փորձին, որոնց համար իրենք և իրենց մարտական ընկերները ստացել են այդ պարգևները, իրենք, միևնույն է, շարունակելու են պայքարը և թույլ չեն տալու, որպեսզի երկրում կառավարող վարչակազմը կյանքի կոչի իր ծրագրերը:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի նախաձեռնող Արման Պետրոսյանը հիշեցրել է, որ երրորդ հանրապետությունը հռչակվել է ազգային-ազատագրական պայքարում տարած հաղթանակի շնորհիվ, որի արդյունքում 30 տարի շարունակ Հայաստանը տարածաշրջանում ունեցել է թե քաղաքական, թե ռազմական, թե աշխարհաքաղաքական նշանակություն: Սակայն, նա ուշադրություն է հրավիրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո երկիրը սկսել է գնալ զիջումների ճանապարհով ՝ կորցնելով տարածքներ և հրաժարվելով իր ազգային արժեքներից։ Նրա խոսքով ՝ իրենց պարգևներն ու մեդալները թողնելով կառավարության շենքի մոտ, իրենք նաև ձգտում են ցույց տալ, որ իշխանությունները վարում են ապազգային քաղաքականություն, ինչի ապացույցն է հայոց պետականության աստիճանական կործանումը:
"Մեր բոլոր կորուստները սկսվել են այն պահից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց․ "Արցախը Հայաստան է, և վերջ"։ Իսկ արդյունքում՝ մենք ունեցանք պատերազմ, տարածքային և մարդկային կորուստներ։ Հետո իշխանությունները խոստացան, որ "միջանցք" չի լինելու, մինչդեռ , այսօր արդեն քննարկում են թշնամի պետությանը (Ադրբեջանին - խմբ.) ճանապարհ տրամադրելու հարցը։ Իսկ մենք ուզում ենք ապագա սերնդին թողնել այնպիսի արժեհամակարգ, որը թույլ կտա նրանց շարունակել այդ պայքարը։ Մեր գործողությունները լինելու են շարունակական", - հայտարարել է Պետրոսյանը։
Ակցիայի մասնակիցներից Հովսեփ Ղազարյանը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ իր գործողություններով երկրում կառավարող ուժը փորձում է արդարացնել իր սխալները և զրոյացնել այն պայքարը, որի համար իրենք և իրենց ընկերները արյուն են թափել: "Մենք այլևս չենք կարող կրել այդ մեդալները, երբ այն զոհաբերությունը, որն ընկած էր դրանց հիմքում, պարզապես, զրոյացվել է։ Ավելին, դա անհնար է այն հայտարարությունների ֆոնին, թե այդ ողջ պայքարը ոչ այլ ինչ էր, քան մեծ սխալ և մոլորություն", - ամփոփել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 16-ին հայտարարել էր, որ "Ղարաբաղյան շարժումը Հայաստանում շարունակություն չի ունենալու"՝ այն գնահատելով որպես պետության և ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորում: