
Արմինֆո. Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին Բելգրադում RISE 2025 խորհրդաժողովի հարթակներում Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ քննարկել է հայ-թուրքական սոցիալական հարաբերությունները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մինչդեռ, Գյոքթաշը հայտնի է իր սկզբունքային հակահայ դիրքորոշմամբ։ Այդ մասին սոցցանցում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Նկարում (հանդիպման) Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարն է՝ Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը։ Այս նախարարուհին ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական cdH կուսակցությունից: Պատճառը այս տիկնոջ կողմից Հայոց ցեղասպանության հերքումն էր։ Մի խոսքով՝ տիկին Գյոքթաշը երդվյալ ու սկզբունքային հակահայերից մեկն է։
Իսկ ինչու՞ հանկարծ հիշեցի այս տիկնոջը։
Երեկ ՀՀ դե-ֆակտո նախարարներից մեկը հանդիպել է այս տիկնոջը՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա սոցիալական ոլորտը։ Ու ոգևորությամբ տարածել այդ մասին լուրը։
Այն, որ նմանատիպ օրակարգ չկա, պարզ է ցանկացած սթափ մարդու։ Այն, որ երդվյալ հակահայի հետ հանդիպելը, երբ տասնյակ գերիներ ու Հայաստանի գրավված տարածքներ կան, սխալ է, դա ևս պարզ է։
Սակայն ավելի էական է հետևյալը. իմ կանխատեսումով առաջիկա ամիսներին (մինչև ընտրություն) իբր հաստատված խաղաղության ու «հայ-թուրքական բարեկամության» կեղծ փուչիկը մեր աչքին էլ ավելի փչելու համար Հայաստանը ներկայացնողները ամեն միջազգային հարթակում փորձելու են գոնե նկարվել Թուրքիայի ներկայացուցիչների հետ կամ անբովանդակ հանդիպումներ ունենալ։
Այս քարոզչական բեմականացումների նպատակը մեկն է. դրանք նախատեսված են բացառապես հայկական լսարանին մոլորեցնելու համար, ինչի վկայությունն է, օրինակ, այն, որ Թուրքիայի նախարարությունը երեկվա հանդիպման մասին նույնիսկ սոցցանցային գրառում չի արել, թեև այլ հանդիպումների անդրադարձել է։
Մի խոսքով, քարոզչական այս հնարքն էլ կարելի է ավելացնել «Անիի կամուրջի վերականգնում» սենտիմենտալ քարոզին», - գրել է թյուրքագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023թ. փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը։ 2024 թվականի փետրվարի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերականգնման վերաաբերյալ իր մոտեցումները։ Անիի պատմական կամրջի վերականգնողական աշխատանքների իրականացման մասին արձանագրության նախագծի
հայկական խմբագրությունը Հայաստանը Թուրքիային է փոխանցել 2025 թվականին։ 2025 թվականի սեպտեմբերին Ermenihaber.am-ը հաղորդել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի 6-րդ հանդիպման շրջանակներում կողմերը որոշում են կայացրել համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ):