


Արմինֆո.ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջում նոր հրապարակումներ չեն լինի՝ մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, հավելելով, որ
բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։
«Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները։ Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարող եք գտնել travel.state.gov կայքում», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։
Նշենք, որ ԱՄՆ Սենատը չի կարողացել ընդունել դաշնային ծախսերի ֆինանսավորման մասին երկու օրինագծերից և ոչ մեկը, և հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում սկսվում է կառավարության, այսպես կոչված, շաթդաուն՝ պետական կառույցների մի մասի աշխատանքի դադարեցում: Նախօրեին Սենատը, նախ, ձայների մեծամասնությամբ մերժել է ֆինանսավորումը շարունակելու մասին Դեմոկրատական կուսակցության օրինագիծը, քանի որ դեմոկրատները մեծամասնություն չունեն Սենատում, իսկ հետո չի կարողացել ընդունել Հանրապետական կուսակցության օրինագիծը, քանի որ հանրապետականներն ունեն մեծամասնություն, բայց այն բավականաչափ մեծ չէ:


