
Արմինֆո.Փախստականների վերադարձի թեման վտանգավոր է խաղաղության գործընթացի համար: Այդ մասին սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ըմբռնումը հետեւյալն է․ միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղից փախստականները պետք է հաստատվեն Հայաստանում։ Մենք արդեն սկսել ենք նրանց համար բնակարանային ապահովման ծրագիրը։ Այն մեկնարկել է դժվարություններով, բայց ես վստահ եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի։ Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ", - ընդգծել է Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։
Նա նաեւ ընդգծել է, որ դեռևս օգոստոսի 18-ի իր ուղերձում խոսել է վերադարձի անիրատեսական լինելու մասին։ "Ես ուղիղ հայտարարում եմ․ հնարավոր չեմ համարում փախստականների վերադարձը։ Կարծում եմ, որ կարևոր է այդս մասին անկեղծորեն ասել մարդկանց, որպեսզի նրանք կարողանան տեսնել հեռանկարներ և կառուցել ծրագրեր: Ընդհանուր առմամբ՝ այդ թեմայի քննարկումը ներկա համատեքստում վտանգավոր է խաղաղության գործընթացի համար", - նշել է վարչապետը։
Փաշինյանի կարծիքով ՝ հենց նման հարցերի շուրջ ծագած հակասություններն էին, որ նախկինում վերաճել էին ձգձգվող հակամարտությունների ։ "Հակամարտությունները, այդ թվում ՝ ղարաբաղյան հակամարտությունը, սկսվել են, կարծես, պարզ հումանիտար հարցերից եւ վերաճել են լայնածավալ բախումների",- նշել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմնվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա:
«Առաջիկա տասնամյակների ընթացքում, եթե անկեղծ խոսենք և, հնարաավոր է, ոչ շատ դիվանագիտորեն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է, պարզապես, հանգիստ թողնեն միմյանց և կենտրոնանան տնտեսական համագործակցության և աստիճանաբար երկխոսության հաստատման վրա: Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ապրեն, արարեն և իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանում: Դա մեր ռազմավարությունն է", - ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը