


ԱրմինֆոԵրևանի քաղաքապետարանն առաջարկում է դպրոցներում արգելել սմարթֆոնների օգտագործումը 1-6-րդ դասարանների աշակերտների համար և սահմանափակել 7-12-րդ դասարանցիների համար: Համապատասխան առաջարկով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:
Մասնավորապես, հաշվի առնելով կրթական գործընթացի համար բացասական հետևանքները՝ աշակերտների կենտրոնացվածության բացակայությունը, առաջադիմության մակարդակը, Խաչատրյանն առաջարկել է արգելել հեռախոսների օգտագործումը 1-6 - րդ դասարանների աշակերտների համար՝ դասերի, դասամիջոցների, միջոցառումների ժամանակ: Առանձին դեպքերում, երբ երեխան պետք է հեռախոսը բերի դպրոց, ինչպես նշել է նա, վերջինս դասի սկզբում պետք է այն հանձնի դասղեկին և միայն դասերն ավարտելուց հետո վերցնի հեռախոսը:
7-12-րդ դասարանների աշակերտների համար հանրակրթության վարչությունն առաջարկել է կիրառել հեռախոսների/սմարթֆոնների/սմարթ ժամացույցների և այլ սարքերի սահմանափակ օգտագործում՝ միայն ուսուցչի ցուցումով և նրա հսկողության ներքո՝ կրթական գործընթացի համար:
Մինչև համատարած արգելքը նախատեսվում է այդ որոշումը ներդնել մայրաքաղաքի 15 դպրոցներում, որպեսզի մինչև տարեվերջ հետևեն և գնահատեն աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ակտիվությունն ու առաջադիմությունը:
Այդ առնչությամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ի սկզբանե քննարկումներ անցկացնել բոլոր դպրոցների տնօրենների հետ, ներկայացնել այդ որոշումը, լսել նրանց կարծիքները, ամփոփել և նոր միայն ստացված գնահատականների հիման վրա հանդես գալ վերջնական որոշմամբ:
Մինչդեռ, նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշման համաձայն, 1-ին դասարանցիներն ուսումնական գործընթացի ժամանակ պետք է օգտագործեն սմարթֆոններ, քանի որ դասագրքերում որոշակի տեղեկատվություն ներկայացված է թվային ձևաչափով՝ QR կոդերի միջոցով, մասնավորապես, հայոց այբուբենի և այն ստեղծած Մեսրոպ Մաշտոցի մասին նյութերը:



