


Արմինֆո. ՄԱԿ 80-րդ նստաշրջանի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության խթանումը:
Շեշտվել է, որ երկկողմ ակտիվ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և փոխվստահության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող այլ հացերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպմանը և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:



