
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, ուրախությամբ արձանագրել է վերջին տարիներին Երևանի և Անկարայի միջև "աննախադեպ դրական երկխոսության" հաստատումը։ "Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, վստահության մակարդակն անընդհատ աճում է", - հայտարարել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ «TRIPP ուղի» ենթակառուցվածքային նախագծի համար կարեւոր է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի, գոյություն ունեցող երկաթուղու, ավտոճանապարհների բացումը՝ խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների զարգացման հեռանկարով։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետն իր ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։
Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում եւ համոզված եմ` տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ միջպետական սահմանի լիարժեք բացման։
Տիկնայք եւ պարոնայք, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրությունը տեսանելիորեն եւ հաճելիորեն ընդլայնվում է։
30 տարվա անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ չուներ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ։ Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, երկխոսություն է տեղի ունենում։
Իսկ Հայաստանի Հանրապետության ավանդական կապերը նկատելիորեն զարգանում են։ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում։ Այս հարաբերությունները, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին զուգահեռ, չափազանց կարեւոր են Հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղ, կայուն եւ զարգացող միջավայր տեսնելու համար։
Այս իմաստով, կարեւորում եմ նաեւ 3+3 ձեւաչափը, որը մեզ համար կարեւոր հարթակ է մեր տարածաշրջանի երկրների հետ երկխոսելու, եւ Ռուսաստանի Դաշնության հետ մեր ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, չնայած, մենք Ռուսաստանի հետ մշտապես ակտիվ շփումներ ունենք երկկողմ ձեւաչափով։
Վերջերս մենք ռազմավարական գործընկերություն հաստատեցինք Չինաստանի հետ, ակտիվ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է
բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Ճապոնիայի, Մոնղոլիայի, Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ»