
Արմինֆո.ՆԳՆ-ում հաստատել են Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանության համար կասկածվող ձերբակալությունը: Սեպտեմբերի 27-ին ճեպազրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաղորդել է, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:
Նա տեղեկացրել է, որ քննության շրջանակներում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են հետքեր, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս նրա մասնակցությունը հանցագործությանը․ հանցագործությունը կատարելիս օգտաաագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն և գիշերային տեսանելիության սարք, որոնք նա փորձել է այրել: Սարգսյանը նշել է, որ քննությունը շարունակվում է՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, այդ թվում ՝ հանցագործության կատարման ժամանակ օգտագործվող զենքը գտնելու նպատակով:
Միաժամանակ, վկայակոչելով քննության արդյունքները, ՆԳՆ ներկայացուցիչը հաղորդել է, որ հիմնական վարկածը շարունակում է մնալ այն, որ Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունն այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, որի ընթացքում սպանվել էր Գրիգորյանի սպանության կասկածանքով ձերբակալվածի եղբայրը:
Մամուլի քարտուղարը ձեռնպահ է մնացել պատասխանել լրագրողների ուղիղ հարցին, թե արդյոք հանցագործության գլխավոր կասկածյալը Նարեկ Օհանյանն է՝ Մերձավանի գյուղապետ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Մհեր Ախտոյանի զարմիկը:
Նշենք, որ երեկ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ տարածել էին Նարեկ Օհանյանի ձերբակալության կադրերը: Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանն ընդգծել էր, որ Փարաքար համայնքի ղեկավարի սպանության մեջ քաղաքական տարր չկա: Միջադեպը, նրա ասելով, կապված է Ախտոյանի տան մոտ 7 ամիս առաջ տեղի ունեցած կրակոցների հետ։ Հիշեցնենք, որ 7 ամիս առաջ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղի գյուղապետ Մհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակման հետևանքով զոհվել էր Ախտոյանի հորեղբոր որդին՝ Գրիգոր Օհանյանը, ևս մեկ մարդ վիրավորվել էր: Այն ժամանակ որպես կասկածյալ ձերբակալվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը, ով գտնվում է տնային կալանքի տակ։
Հավելենք, որ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և ՆԳՆ Արարատի վարչության քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը սպանվել են սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում: