
Արմինֆո.ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պատմել է, թե ինչու Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունները չեն ճանաչել Արցախի անկախությունը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ընդգծել է ՀՀԿ անդամը, ԱԺ-ում "Ազգային ճգնաժամի և պետական կառավարման ձախողման մասին" նախագծի վերաբերյալ լսումներից առաջ դա չարվեց, քանի որ քաղաքական ուժն իր առջև նպատակ էր դրել ոչ թե միակողմանի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այլ միջազգայնորեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցային գործընթացի շրջանակում: "Հայաստանի կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչումը կնշանակեր Արցախի շուրջ բանակցությունների գործընթացի տորպեդահարում։ Մեր բանակցային ժառանգությունը հնարավորություն էր տալիս հանրաքվեի միջոցով, առաջին հերթին, ապահովել ԼՂՀ միջազգային ճանաչումը", - պարզաբանել է Շարմազանովը։
Հանրապետականը վստահ է, որ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է բանակցությունները ինքնորոշման հարցի հարթությունից դուրս բերել տարածքային վեճի հարթություն՝ 2019 թվականի օգոստոսի 4-ին Ստեփանակերտի հրապարակում իր հայտարարությամբ, որ "Արցախը Հայաստան է և վերջ", ինչն էլ խաթարել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման ողջ գործընթացը:
"Բոլոր այն պնդումները, թե, իբր, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փակուղի է մտել, կեղծ են։ Ավելին, եթե նախկինում Արցախի անկախության ճանաչման գործընթացը միշտ խաթարել է Ադրբեջանը, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրան միացավ նաև Հայաստանը", - նշել է ՀՀԿ անդամը։
Ի հավելումն իր խոսքերի՝ նա հիշեցրել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ 2011 թվականի Կազանյան փաստաթղթից հրաժարվել է հենց Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը: Եզրափակելով խոսքը ՝ Շարմազանովը հիշեցրել է նաև, որ ինքը ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է, որ "2016թ. հոկտեմբերին փակ դռների հետևում միջազգային հանրությունն իրենից պահանջել է ճանաչել Արցախի անկախությունը":
"Թող Նիկոլ Փաշինյանը հրապարակի 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրեն առաջարկված փաստաթուղթը, որով Արցախը պետք է միջանկյալ կարգավիճակ ունենար, հետո հանրաքվեի միջոցով անկախություն ստանար, և այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա", - եզրափակել է հանրապետականը: