
Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից պարծեցել է Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիայով:
Ընդ որում, Արցախի դեմ լայնածավալ ագրեսիան արդարացնելու համար նա հիշատակել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը՝ ինչ-որ պարտադրված պաշտպանության մասին։ Այնուհետև, խաղաղ հայ բնակչության դեմ արգելված ֆոսֆորային զենք օգտագործած պետությունը պատմել է, իբր, Հայաստանի կողմից "ադրբեջանցի խաղաղ բնակիչների" սպանության մասին՝ մոռանալով Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։
"Իսկ Ադրբեջանը պատերազմ է վարել միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար պահպանմամբ։ Մենք ապահովել ենք քաղաքացիական անձանց պաշտպանությունը, զերծ ենք մնացել ոչ ռազմական ենթակառուցվածքներին հարվածելուց", - ցինիկաբար հայտարարել Է Ալիեւը, որը հավանաբար մտածում է, թե մարդիկ ականջներ ու աչքեր չունեն եւ չեն տեսել հայկական եկեղեցիների, հիվանդանոցների, դպրոցների եւ քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ռմբակոծության կադրերը, ինչպես նաեւ ողջ աշխարհը ցնցած տեսանյութերը, որտեղ ադրբեջանցի զինվորականները ԻՊ գրոհայիններին բնորոշ մեթոդներով գլխատում են անպաշտպան հայ ծերերին ու երեխաներին:
"2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր", - շարունակել է Ալիևը՝ զգալով իր անպատժելիությունը հայ բնակչության դեմ պատերազմական հանցագործությունների համար:
Նրա խոսքով ՝ "հաղթական պատերազմից" անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա ։ Ճիշտ է, նա մոռացել է, որ դրանից հետո եղել է Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթում մի շարք ուղղություններով, Արցախի հայ բնակչության շրջափակումն ու սովամահությունը, իսկ հետո նաև Արցախի լիակատար հայաթափումը, այսպես կոչված, քաղաքակիրթ հանրության լուռ խրախուսման ֆոնին։
Ալիևը հավելել է, որ "չնայած տարբեր սադրանքներին, բանակցությունները տվել են դրական արդյունք, քանի որ դրանք ընթացել են բացառապես երկկողմ հիմունքներով ՝ առանց արտաքին որևէ միջամտության":
"Սույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ Տանը, ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Նույն օրն Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը համատեղ հայտարարություն են ստորագրել: Որպես վկա այն ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ։ Բացի այդ, Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմում են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման վերաբերյալ՝ որպես հնացած մեխանիզմի, որն այլևս կապ չունի խաղաղության գործընթացի հետ: Այսպիսով, սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ - ն որոշում է ընդունել այդ կառույցների վերջնական փակման մասին", - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա նաև հայտարարել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները ամուր խաղաղության տեսլականի հիմքն են կազմում: "Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից է "Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP), որը կապահովի Զանգեզուրի միջանցքով անարգել անցումը և կամրապնդի տարածաշրջանային կապերը", - ասել է Ալիևը: Եվ այս արտահայտությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում Հայաստանի իշխանություններին, չէ որ հիմա անհասկանալի է, թե քանի երթուղի է անցնելու Հայաստանի Սյունիքի մարզով։ Չէ որ ամեն ինչ խառնվել է այս թագավորության մեջ, և, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցք", և Թրամփի երթուղի, և Խաղաղության խաչմերուկ։
Ալիեւը նաեւ հպարտորեն հայտարարել է, որ Վաշինգթոնի գագաթնաժողովը նաեւ նոր փուլի սկիզբ է ազդարարում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում, իսկ Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության խարտիայի մշակման համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ երկու կառավարությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր հորիզոններ է բացում քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային հաղորդակցությունների, պաշտպանության, անվտանգության եւ այլ ոլորտներում գործընկերության համար:
"Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նոր էջ բացելու, հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու որոշման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար", - ասել է Ալիևը