


Արմինֆո.Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Անկախության հռչակագրի հետագա ճակատագիրը չի կապում Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին իշխանությունների հայտարարած օրակարգի հետ:
Այդ մասին նա ասել է սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում։ "Անկախ այն բանից՝ կմնա հռչակագիրը, թե ոչ, դա արդեն պատմական իրողություն է։ Այսինքն, Երրորդ Հանրապետությունը կարողացավ կայանալ միայն Անկախության հռչակագրի շնորհիվ։ Դա պատմական փաստաթուղթ է, մենք չենք կարող այն ջնջել պատմության էջերից", - նշել է արդարադատության նախարարը։ Ընդ որում, նա հաղորդել է, որ այդ հարցը (հռչակագիրը հանելու կամ թողնելու մասին) դեռ չի քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում։
Գալյանը պատմել է, որ նախորդ նիստերում անդրադարձել են Ազգային ժողովի ձևավորմանը, նրա լիազորություններին, ընտրական համակարգերին վերաբերող դրույթներին: Այդ առնչությամբ նա տեղեկացրել է, որ որոշ հարցերի շուրջ քվեարկություններ են տեղի ունեցել, եւ դրանցից մի քանիսն արդեն արժանացել են խորհրդի հավանությանը:
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին չի խոչընդոտի նոր ՀՀ սահմանադրությանը հանրության աջակցության բացակայությունը, Սրբուհի Գալյանը բացառել է իրադարձությունների նման ելքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության 7-րդ համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի "Չորրորդ Հանրապետության" ստեղծումը կառավարող կուսակցության մոտակա ռազմավարական խնդիրն է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու դեպքում: Նրա խոսքով ՝ 2026 թվականի ընտրություններում ժողովրդի ձայները ստանալու դեպքում ՔՊ-ը մտադիր է համաժողովրդական հանրաքվեի միջոցով նախաձեռնել Հայաստանի նոր սահմանադրության ընդունման գործընթաց


