
Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25-ի հերթական նիստում հավանություն է տվել «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշման նախագծին
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 1476-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության մի շարք բաժնետիրական ընկերություններում այդ թվում՝ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2160-Ա որոշման համաձայն «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով պետք է վերակազմակերպվեր միանալով «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան»» փակ բաժնետիրական ընկերությանը: Նշված որոշման ընդունումից հետո, վերակազմակերպման գործընթացը պետական գրանցում չի ստացել՝ կապված «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության ունեցած մի շարք պարտավորությունների առկայության հետ, և «ՌՖԷԻ հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ-ի իրավունքները և պարտականությունները չեն փոխանցվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ին, ինչպես նաև Ընկերության գործունեությունը չի դադարեցվել:
Նախարարության կողմից քննարկվել և վերանայվել են ընկերություների հետագա գործունեության նպատակահարմարությունը, գործառույթները, ինչի արդյունքում ներկայացված նախագծով առաջարկվում է «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Ընկերությունների միացման արդյունքում նախատեսվում է կառուցել Նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոն: Նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի կառուցման դեպքում կանխատեսվում է, որ 2025-2030թթ. ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ֊ի փոստային եկամուտը շարունակաբար աճելու է 39.3% կամ 2,5. մլրդ ՀՀ դրամով, իսկ համախառն շահույթը (EBITDA-ն) աճելու է 28.96% կամ 1,5. մլրդ ՀՀ դրամով: Արդյունքում Էականորեն կկրճատվեն նաև աշխատավարձային և կոմունալ ծախսերը՝ 2025-2030 թթ.-ին կազմելով 304,799,306 ՀՀ դրամ: Կենտրոնի կառուցմամբ նախատեսվում է ներդնել նորարարական ավտոմատացված տեսակավորման համակարգեր, ինչը թույլ կտա բարելավել հաճախորդների սպասարկումը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
«Արդյունքում, կենտրոնի կառուցումը ոչ միայն կբարձրացնի «Հայփոստ» ՓԲԸ֊ի մրցունակությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը կդարձնի ավելի կարևոր տարածաշրջանային լոգիստիկ հանգույց», - կարծում են նախաձեռնության հեղինակները