


Արմինֆո. Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ համագործակցության զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը՝ երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերին համահունչ։ Արարատ Միրզոյանը և Յուսեֆ Ռաջին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների մանրամասներն՝ ընդգծելով դրանց հիմքում դրված հիմնարար սկզբունքները, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին:
Նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Մոնղոլիայի ԱԳ նախարար Բատմունխ Բատցեցեգի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Բատմունխ Բատցեցեգը ստորագրել են «Մոնղոլիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Նախարար Միրզոյանն ընդգծել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման, ոլորտային համագործակցության ներուժի առավելագույնս իրացման հարցում առկա պատրաստակամությունն ու նախադրյալները։ Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ։



