


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է Փարաքար համայնքի ղեկավարի և նրա ընկերոջ սպանությունը:
«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ինչպես արդեն հաղորդվել է, սեպտեմբերի 23-ին, ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել: Հաղորդվել է երկու զոհի և մեկ վիրավորի մասին: Սպանվածներից մեկը Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն է։ Երկրորդ սպանվածը ՆԳՆ Արարատի վարչության քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է։ Ոստիկանը գտնվել է արձակուրդում։ Նա Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն էր և սպանության պահին նրա հետ էր: Երրորդ տուժածին վիրահատում են բժիշկները, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Տեղում կատարվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Գրիգորյանը այս տարվա ապրիլին խոշորացված համայնքի ընտրություններում հաղթանակ էր տարել ՝ ստանալով ընտրողների ձայների 55% - ի աջակցությունը:



