


Արմինֆո.Գիշերն իր տան մոտ սպանվել է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը:
Ինչպես լրագրողներին պատմել է Հայաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, սեպտեմբերի 23-ին, ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել: Նրա խոսքով՝ հաղորդվել է երկու զոհի և մեկ վիրավորի մասին:
"Սպանվածներից մեկը Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն է։ Երկրորդ սպանվածը ՆԳՆ Արարատի վարչության քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է", - նշել Է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանը գտնվել է արձակուրդում։ Նա Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն էր և սպանության պահին նրա հետ էր: Նարեկ Սարգսյանը նաև նշել է, որ երրորդ տուժածին վիրահատում են բժիշկները, նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
ՆԳՆ ներկայացուցիչը հաղորդել է, որ տեղում կատարվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Գրիգորյանը այս տարվա ապրիլին խոշորացված համայնքի ընտրություններում հաղթանակ էր տարել ՝ ստանալով ընտրողների ձայների 55% - ի աջակցությունը:



