
Արմինֆո. Ես հարգում եմ "Մեր ձեւով" շարժումը: Սեպտեմբերի 23-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի անձին՝ պաշտոնյան նշել է, որ վերջինս պետական կառույց չի ղեկավարել, ավելին, նա ազգի առաջին բարերարների շարքում է, իսկ համահայկական հավաքների ժամանակ նրա մասնակցության բաժինը միշտ եղել է մյուսներից մի կարգ ավելի:
«Եթե այդպիսի տղաներին չենք հարգում, ապա ու՞մ ենք հարգում: Գեներալներին չենք հարգում, հերոսներին չենք հարգում, բժիշկներին չենք հարգում, մանկավարժներին չենք հարգում, մեծ նախորդներին չենք հարգում ՝ ոչ Անդրանիկ Օզանյանին, ոչ Վիկտոր Համբարձումյանին, ոչ Մեսրոպ Մաշտոցին: Ու՞մ են նրանք (ներկայիս իշխանությունները), ընդհանրապես, հարգում», - հարցրել է Ղուկասյանը։ Նա հնարավոր է համարել, որ կառավարությունը հարգանքի զգացում ունի միայն այն արտիստների հանդեպ, որոնց հրավիրում է Հայաստան։ Թվարկելով տարբեր անուններ՝ Ղուկասյանն իշխանություններին առաջարկել է այդ հայտնիների հետ միասին լքել երկիրը։
Ընդ որում, նա նշել է, որ կառավարող ուժի վարկանիշն այժմ խայտառակ ցածր մակարդակի վրա է ։ Քաղաքապետն այդ համատեքստում նշել է, որ դատարանի դահլիճների դռների հետևում, բանտերում պահվում են նրանք, ովքեր երկրի շարժիչ ուժն են: «Ազատ արձակեք քաղբանտարկյալներին։ Դուք կալանավորում եք եպիսկոպոսներին և ցանկանում եք, որ բարձր վարկանիշ ունենա՞ք», - վրդովմունք է հայտնել Ղուկասյանը։
Միևնույն ժամանակ, պաշտոնյան Հայաստանի կառավարության ղեկավարի գործելաոճը հավասարեցրել է թուրք պաշտոնյայի հետ, եթե վերջինս գլխավորեր երկիրը։ «Եթե ուզում են երկիրը քանդել, սկսում են եկեղեցուց, ընտանիքից և դպրոցից։ Հիմա նրանք հենց դա էլ անում են, որովհետև դրսի ուժերի հրահանգն է այդպիսին։ Երկիրը պահում են եկեղեցին և դպրոցը։ Իսկ նրանք քանդում են այն՝ հեռացնում Մեսրոպ Մաշտոցին, հանում Հայոց Եկեղեցու պատմության առարկան, Արարատ լեռը։ Ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է․ դուք քանդում եք Հայաստանի Հանրապետությունը։ Եթե կառավարությունը ղեկավարեր թուրք, նա նույնպես դրանից կսկսեր", - ընդգծել է Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ "Մեր ձեւով" շարժման շնորհանդեսի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ս.թ. օգոստոսի 30-ին: Հունիսի 19-ին, ՀԱԵ-ին աջակցություն հայտնելուց հետո կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը սեփական քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր դեռևս հուլիսի 4-ին