
Արմինֆո. Աշխարհի ավելի քան 30 երկրների 100-ից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և բլոգերներ մասնակցել են Ղազախստանի ԱԳՆ «Ղազախստանն արտասահմանյան ԶԼՄ-ների աչքերով» 10-րդ հոբելյանական մրցույթին։
Մրցութային աշխատանքների քննարկման արդյունքում ժյուրին ԱրմԻնֆո-ի թղթակից Մարիանա Մկրտչյանի «Բուրաբայ ազգային պարկը՝ գեղեցիկի ըմբոշխնում ինքդ քեզ հետ ներդաշնակության մեջ» ակնարկը լավաագույնն է ճանաչել «Զբոսաշրջություն» անվանակարգում (https://arminfo.info/full_news.php?id=86091 )։
Մասնագիտական ժյուրիի կողմից նման բարձր գնահատականի առթիվ Մարիաննա Մկրտչյանը պատմել է, որ նման մակարդակի մրցույթի մասնակցում է առաջին անգամ, իսկ հաղթանակը զբոսաշրջային անվանակարգում նրա համար հաճելի անակնկալ էր։ «Նման մրցույթները հնարավորություն են ընձեռում ստուգելու սեփական ուժերն ու հնարավորինս նորովի բացահայտել երկիրը։ Եվ Ղազախստանն ինձ համար գրավիչ է, առաջին հերթին, նրանով, որ երբեք նույնը չի լինում։ Յուրաքանչյուր ուղեւորություն այդ պետության ինչ-որ նոր կողմի բացահայտում է», - նշել է նա:
Ինչպես հաղորդել են Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, այդ մրցույթը թույլ է տալիս նշել օտարերկրյա լրագրողների վաստակը, որոնք իրենց ներդրումն են ունեցել Ղազախստանի մասին հավաստի եւ օբյեկտիվ տեղեկատվությունը արտասահմանյան լայն հանրությանը հասցնելու գործում: Վերջինս ծառայում է որպես Ղազախստանի զարգացման ներկայիս միտումների նկատմամբ օտարերկրյա հասարակության հետաքրքրությունը ակտիվորեն խրախուսելու բաղադրիչներից մեկը՝ թույլ տալով մասսայականացնել հարուստ բնական և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև բացահայտել տարածաշրջանի ներուժն ու գրավչությունը օտարերկրյա ներդրողների և զբոսաշրջիկների համար՝ ամբողջ աշխարհից:
Մշակութային փոխգործակցությունը խորացնելու և երկրի հետ ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով անվանակարգերում հաղթողները կխրախուսվեն Ղազախստան ուղեւորությամբ՝ այցելելով Աստանա, Ալմաթի, Շիմկենտ և Թուրքեստանի մարզի քաղաքներ, որտեղ նրանց կներկայացվի երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Առաջարկվող ծրագրին զուգահեռ, մրցույթի դափնեկիրները հնարավորություն կունենան առնչվելու տափաստանային քոչվոր քաղաքակրթության ոգուն և կմասնակցեն բացառիկ հարցազրույցների պետական հատվածի ներկայացուցիչների, ղազախ փորձագետների և լրագրողների, ինչպես նաև Ղազախստանի գիտության և մշակույթի գործիչների հետ:
Այս տարի մրցույթի հաղթողներ են դարձել նաև Մուհամեդ Ալի Փաշան (Պակիստան)՝ «թվայնացում» անվանակարգում; Դերյա Սոյսալը (Բելգիա)' «Էկոնոմիկա» անվանակարգում; Ակպանբետովա Արուխանը (Ուզբեկստան)' «Ղազախ ժողովրդի մշակույթ, պատմություն, ավանդույթներ» անվանակարգում, Մեթ Ֆիցջերալդը (ԱՄՆ)' «Սպորտ» անվանակարգում:
Նշենք, որ Ղազախստանի ԱԳՆ-ն այս մրցույթն անցկացնում է 2014 թվականից։ Ընթացիկ տարում մրցույթի գործընկերներն են "Kazakh Tourism" ազգային ընկերությունը, "Օտանդաստար" հիմնադրամը, "Աստանա" միջազգային ֆինանսական կենտրոնը, "Astana Hub" - ը, "Verny Capital"-ը