
Արմինֆո. Հարևան Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում նոր էջ է բացվում և՝ զարգացման նոր հնարավորություններ: Այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Էդիրնեն ներկայացնող պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Ֆաթմա Աքսալը, ով Երևանում է՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի "Ռոուզ-Ռոթ" 108-րդ սեմինարի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Նրա խոսքով՝ Թուրքիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ խաղաղությունն օգուտ կբերի Հարավային Կովկասում բոլորին:
Նա նաև հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը, որը Թուրքիայի կողմից փակվել է նաախորդ դարի 90-ականների սկզբին, կբացվի։ Այս առումով՝ թուրք դիվանագետը հիշեցրել է հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթների բացման մասին։
Հարցին, թե երբ կարելի է ակնկալել սահմանի բացում, նա պատասխանել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և կոչ է արել զինվել համբերությամբ: Աքսալը նաև հավաստիացրել է, որ հայ-թուրքական կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների:
Անդրադառնալով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին և "Թրամփի երթուղի" նախագծին գնահատական տալու խնդրանքին ՝ նա նշել է, որ դա կարևոր նախաձեռնություն է, որն ուղղված է խաղաղությանը: "Տրանսպորտային երթուղիները շատ կարևոր են ։ Ես աջակցում եմ հաղորդակցությունների ապաշրջափակման այս նախաձեռնությանը, որը կնպաստի պետությունների մերձեցմանը", - ասել է թուրք խորհրդարանականը։ Նրա խոսքով ՝ թուրքական կողմը նույնպես պատրաստվում է օգտվել այդ երթուղուց, այլապես չէր աջակցի այդ ապաշրջափակմանը ։ Աքսալը վստահ է, որ այդ երթուղին թույլ կտա Թուրքիային կամուրջ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև և կնպաստի Հայաստանի մերձեցմանը Եվրոպային:
Թուրք օրենսդիրը չի մեկնաբանել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը, հայտարարելով, որ այդ հարցի վերաբերյալ բավարար տեղեկատվություն չունի, և հավելելով, որ եթե Թուրքիան հնարավորություն ունենա, կնպաստի հայ ռազմագերիների ազատ արձակմանը: