


Արմինֆո. ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ ՔՊ մեծամասնության ընդունած օրենքների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի դեկտեմբերի 16-ին՝ գրավոր ընթացակարգով։ Այդ մասին գրում է "Հրապարակ" թերթը։
Աղբյուրը հիշեցնում է, որ օրենքը ՍԴ-ում վիճարկելու դիմումը ներկայացրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ Խոսքը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու եւ նրան լայն լիազորություններ վերապահելու փոփոխությունների փաթեթի մասին է։
Դիմումատուները միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաեւ օրենքի գործունեությունը՝ մինչեւ ՍԴ-ի կողմից վերջնական ակտ կայացնելը:
Հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու որոշումը ՍԴ-ն կայացրել է 2 ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին՝ աշխատակարգային որոշմամբ, սակայն միջնորդությունը չի բավարարվել։ Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն է:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործ էր հարուցել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի դեմ և ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակել Ռոմանոս Պետրոսյանին: Այդ որոշումից հետո ընկերության սեփականատեր, "Տաշիր" ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանը կորցրել է ընկերության նկատմամբ վերահսկողությունը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր ավելի վաղ, երբ խոստացել էր ազգայնացնել այն։
Հունիսի 18-ին ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Կարապետյանին: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար։ Գործարարը մեղքը չի ընդունում։ Դատարանը երկու ամսով կալանավորել է Կարապետյանին։ Դրանից հետո ստուգումներ են սկսվել Կարապետյանի բիզնեսի նկատմամբ, Իսկ "Տաշիր Պիցցա" ՍՊԸ-ի մի շարք օբյեկտներ Երևանում և մարզերում փակվել են:



