
Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է "Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի" գործով վճիռը, որը վերաբերում է 2008 թվականին Երևանում զանգվածային ցույցերի ժամանակ (մարտի 1 - ի դեպքերը-խմբ.) ոստիկանության կողմից ուժի անխնա և անհամաչափ կիրառման հետևանքով մարդկանց մահվան դեպքերին: Դատավճռում արձանագրվել են մի շարք խախտումներ Հայաստանի Հանրապետության կողմից:
ՄԻԵԴ-ի Թվիթերի (X) կայքում հրապարակված վճռում նշվում է, որ գործով դիմումատուները եղել են ինը զոհերի հարազատներ ՝ ութ քաղաքացիական անձ և մեկ ժամկետային զինծառայող: Նրանց մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է արցունքաբեր գազի նռնակներից 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած կատաղի բախումների ժամանակ:
ՄԻԵԴ-ն այսօրվա վճռով միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում յոթ զոհերի նկատմամբ: Նշվում է, որ նրանք սպանվել են վատ ծրագրված եւ իրականացված ոստիկանական գործողության արդյունքում, որը հանգեցրել է ոստիկանության կողմից արցունքաբեր գազով նռնակների կիրառմանը, խախտելով անվտանգության կանոնները, ինչպես նաեւ այնպիսի մահաբեր զենքի անխնա եւ անհամաչափ կիրառմանը, ինչպիսիք են ԱԿ-74 ինքնաձիգներն ու «Մակարով» ատրճանակները:
Դատարանը նաև միաձայն որոշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում մնացած երկու զոհերի նկատմամբ տեղի չի ունեցել: Զոհերից մեկը մահացել է անհայտ առարկայի կողմից գլխի վիրավորումից, իսկ մյուսը սպանվել և մահացել է անհայտ հանգամանքներում:
"Սակայն դատարանը միաձայն որոշել է, որ 2-րդ հոդվածի խախտում է տեղի ունեցել դիմումատուների բոլոր հարազատների մահվան հետաքննության վերաբերյալ։ Ձեռնարկված քննչական միջոցառումները թերի էին կամ անիմաստ, դիմումատուները տեղեկացված չէին իրադարձությունների ընթացքի մասին, և, ընդհանուր առմամբ, քաղաքական կողմնակալության տպավորություն էր ստեղծվում", - ասվում է դատավճռում։
Ի վերջո, դատարանը միաձայն որոշել է, որ Հայաստանը չի կատարել կոնվենցիայի 38-րդ հոդվածով (գործի քննության համար անհրաժեշտ պայմաններ տրամադրելու պարտականություն) ստանձնած իր պարտավորությունները, քանի որ ներկայացրել է գործի նյութերից միայն նվազագույն փաստաթղթեր:
Որոշման համաձայն, զոհերի հարազատներին յուրաքանչյուր դիմումի համար պետք է վճարվի 30.000 եվրոյի չափով բաարոյական վնասի փոխհատուցում: Բացի այդ, դատարանը որոշում է կայացրել դիմումատուներին վճարել, ընդհանուր առմամբ, 35,000 եվրո ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում