ԵԽԽՎ հակահայկական զեկույցները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա չեն անդրադառնա: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով
ԵԽԽՎ սոցիալական հարցերի կոմիտեի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից» զեկույցի ընդունումը, ինչպես նաև բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:
Նրա խոսքով, նման զեկույցները հակամարտող կողմերի վարած քարոզչության արդյունք են: ՙԴա քարոզչական պղպջակ է, որն ինչպես առաջացել է, այնպես էլ կպայթի: Հետագայում ևս նման պղպջակներ կլինեն, որոնք, սակայն, խնդրի կարգավորման վրա ազդել չեն կարող՚,- հայտարարել է նա:
Քաղաքագետի խոսքով, հակամարտության շուրջ հավասարակշռությունը տաբեր լոբբինգների քաղաքական և տնտեսական համադրություններից, ռազմաքաղաքական բաղադրիչից բաղկացած բարդ շերտավորմամբ կաղամբ է հիշեցնում: ՙ25 տարվա ընթացքում այն դարձել է բարդ կազմակերպված տարր, ինչի վրա շատ դժվար է ազդել, և դա լավ է, քանի որ պարզ կոնստրուկցիաները հեշտ են քանդվում՚,- նշել է նա: Ըստ որում, փորձագետը գտնում է նաև, որ չնայած Բաքվի ցավագին արձագանքներին և քննադատական հայտարարություններին՝ երկխոսությունը կշարունակվի:
Նշենք, որ նոյեմբերի 23-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի կոմիտեն հերթական հակահայկական բանաձևն է ընդունել, այս անգամ` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից», որի հեղինակը Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Ավելի վաղ ԵԽԽՎ օրակարգում էր ներառվել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Հայաստանի խորհրդարանը մտադիր է հայտարարություն ընդունել այս առնրությամբ: Ինչպես հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մշակվում են նաև այլ ռազմավարական քայլեր` ԵԽԽՎ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնություններին դիմակայելու նպատակով: