
Արմինֆո."Նոա" ֆուտբոլային ակումբի սեփականատերերի կողմից հիմնադրված «Իմեջին Երևան» ընկերությունը Էջմիածնում կկառուցի շուրջ 15 000 տեղանոց միջազգային մակարդակի մարզադաշտ: "Վաղարշապատ" մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագիրը հաստատելու և «Իմեջին Երևան» ՍՊԸ-ին հողամասն ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 18-ին կառավարության նիստում:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, «Իմեջին Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսի 12-ին «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի կողմից՝ որպես ներդրումների իրականացման գործիք։ Ընկերության միջոցներով 2023 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ձեռք է բերվել Մարգարա խճուղի 12 հասցեում Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան։
Ընկերության կողմից նախաձեռնվել է Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագիրը, որը նախատեսված է իրականացնել երկու փուլով` զուգահեռ։
Առաջին փուլով (2024-2030 թթ.) նախատեսված է վերակառուցել, արդիականացնել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան և այն համապատասխանեցնել միջազգային լավագույն չափորոշիչներին։
Ծրագրով նախատեսված բոլոր ենթակառուցվածքների և հանգույցների բարեկարգման և նախագծման աշխատանքներում ներգրավված են միջազգային լավագույն փորձը կրող մասնագետներ և խորհրդատուներ, ինչպիսիք են՝ «Aspire Sports Turf (AST)»( Քաթար), «STRI Group» լաբորատոր-նախագծային ընկերություն (Մեծ Բրիտանիա) և այլն։
Երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2025-2030թթ.։ Ծրագրի լիարժեք իրականացման համար պետք է օգտագործվեն ինչպես Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի տարածքը, այնպես էլ՝ հարևանությամբ գտնվող 23.84051 հա ընդհանուր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը, որն Ընկերությունը ցանկանում է ձեռքբերել ուղղակի վաճառքի ձևով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվող հողամասի ուղղակի վաճառքի արդյունքում համայնքային բյուջե կմուտքագրվի 688,394,726 (վեց հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր քսանվեց) դրամ։
Ձեռքբերվող 23.84051 հա ընդհանուր մակերեսով հողատարածքում նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները. Մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի շենքի կառուցում, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիային կից սպորտային բազայի կառուցում՝ խաղադաշտերով և ողջ անհրաժեշտ ենթակառուցվածքով, Մարզադաշտի կառուցում, Մարզադաշտին օժանդակ և կից սննդի ու ժամանցի ապահովման հանգույցների, տարողունակ ավտոկայանատեղիի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցում։
Նախագծային թիմի ընտրության նպատակով դիտարկվել են բացառապես սպորտային և մասնավորապես ֆուտբոլային ենթակառուցվածքների նախագծման հարուստ փորձ ունեցող ճարտարապետական ընկերություններ, իսկ վերջնական ընտությունը կատարվել է Populous (Մեծ Բրիտանիա), GMP (Գերմանիա), Herzog & de Meuron (Շվեյցարիա)։
Ծրագրով նախատեսված է իրականացնել կառուցապատման մեծածավալ աշխատանքներ, կառուցել ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր։ Ծրագրի իրականացման համար Ընկերությունը նախատեսում է ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող, 04-002-0306-0022 կադաստրային ծածկագրով 16.51441 հա, 04-002-0305-0043 կադաստրային ծածկագրով 7.0331 հա և 04-002-1407-0004 կադաստրային ծածկագրով 0.293 հա մակերեսներով հողամասերը։
Ներդրումային ծրագրի իրագործման փուլում նախատեսվում է ստեղծել լրացուցիչ 100 աշխատատեղ, միջինում 380.000 (երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ աշխատավարձով՝ ներառյալ բոլոր պետական հարկերը: Մարզադաշտի կառուցման ավարտից հետո նույնպես ստեղծվելու են լրացուցիչ աշխատատեղեր, որոնց միջոցով իրականացվելու է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի, մարզադաշտի և «Նոա» ֆուտբոլային ակումբի ընդլայնված կառուցվածքի սպասարկումը, ներառյալ՝ բժշկական անձնակազմ, սպասարկող անձնակազմ, վարչական անձնակազմ, մարզչական անձնակազմ, հավաքագրող և ՄՌԿ անձնակազմ, մարզիկներ։
Ընդհանուր առմամբ կատարվելու են 7,2 միլիարդ դրամի (շուրջ 18,7 մլն դոլար) չափով ներդրումնե