


Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակմանն ուղղված օրենքի փոփոխությունը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ։
"Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է կոնգրեսական Գեյբ Համոյի առաջարկած Պետական Դեպարտամենտի գործունեության թույլտվության մասին օրենքում ուղղումը, որը վայելում է ANCA-ի աջակցությունը։ Փոփոխությունն ուղղված է հայ բանտարկյալների ազատ արձակմանը, արցախահայության անվտանգ վերադարձին և հայկական մշակութային օբյեկտների պաշտպանությանը", - ասված է ANCA-ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ներկայումս ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, այդ թվում ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 անձ ։ Գերիների թվում են Արցախի նախկին ութ պաշտոնյաներ՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:



