


Արմինֆո. Սեպտեմբերի 17-ին Հաագայում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավածության հարցերի շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին, ինչպես նաև կարողությունների զարգացման նպատակով առկա հնարավորություններին։
Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Դատարանի պատվավոր հյուրերի մատյանում։
Նույն օրն Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի՝ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրեն Դեբորա Ռուիզ Վերդուսկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և հիմնադրամի միջև փոխգործակցության հարցեր։
Նախարար Միրզոյանը հայտնել է ՀՀ սկզբունքային աջակցությունը հիմնադրամի գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ իրականացվող ծրագրերում։
Դեբորա Վերդուսկոն ներկայացրել է Հռոմի կանոնադրության հիման վրա ՄՔԴ անդամ պետությունների կողմից 2002 թվականին ստեղծված հիմնադրամի գործունեության շրջանակը, դրա կողմից իրականացվող ծրագրերն ու աջակցության մեխանիզմները։
«Մինչ ՄՔԴ-ն հետաքննում և քրեական հետապնդում է ցեղասպանության, մարդկության դեմ, պատերազմական և ագրեսիայի հանցագործությունների դեպքերը, Տուժածների հավատարմագրային հիմնադրամն արձագանքում է ՄՔԴ-ի իրավասության ներքո գտնվող հանցագործությունների հետևանքով պատճառված վնասին։ Հիմնադրամը մասնավորապես աջակցում է զոհերի և նրանց ընտանիքների իրավունքների իրացմանը՝ տրամադրելով փոխհատուցում և օգնություն։ Հիմնադրամն աշխատում է զոհերի հետ՝ հոգեկան առողջության, ֆիզիկական վերականգնման և նյութական աջակցության հետ կապված կենսական ծրագրեր իրականացնելու համար», - ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրւթյունում։



