


Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը հրապարակելու իշխանություններին ուղղված պահանջով հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հայտարարությանը, թե՝ խաղաղության ծրագիրը նախատեսում էր միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների հանձնում Ադրբեջանի վերահսկողությանը, Զուրաբյանը նման պնդումները բացահայտ սուտ որակել:
«Այո, պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»:
Իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է: Անամոթաբար խաբում են, որ իբր
- պլանը միայն նախատեսում էր 5 շրջանի վերադարձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ ԼԵռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քելբաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանն չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն, ըստ էության, անժամկետ,
- որ իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են:
- որ իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, մինչդեռ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ,
- որ 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը, մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթը էապես փոփոխվել էր:
Ամբողջ հարցազրույցը դեմագոգիա է և ստախոսություն, իմչը անբուժելիորեն դարձել է նիկոլականների ուղնուծուծը, բայց ընթերցողի շահերից ելնելով այսօր բավարարվեմ միայն այս բացահայտումներով:
Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին», - գրել է Լեւոն Զուրաբյանը:



