


Արմինֆո. Հարավային Ավստրալիայի օրենսդիր խորհրդում ընթանում են Արցախում էթնիկ զտումների երկրորդ տարելիցին նվիրված բանաձևի քննարկումներ: Բանաձևում կոչ է հնչում միջոցներ ձեռնարկել ի աջակցություն հայերի։ Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիայի ակտն էր ձեռնարկել Արցախի նկատմամբ ։ Թշնամական ագրեսիայի հետևանքով հարյուրավոր արցախցիներ վիրավորվեցին, հաղորդվել է ավելի քան 200 զոհի մասին, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների: Սեպտեմբերի 20-ին Արցախն ընկավ։ Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Արցախի Պաշտպանության բանակի լուծարման գործընթացը: Սեպտեմբերի 21-24-ը որոնողական աշխատանքների ընթացքում ԼՂՀ ՆԳՆ-ն հայտնաբերել էր 105 արցախցու, այդ թվում ՝ դաժանաբար սպանված երեխաների և ծերերի մարմիններ: Այսօր Արցախն ամբողջությամբ հայաթափված է, նրա ողջ բնիկ բնակչությունը ՝ ավելի քան 100 հազար մարդ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո ստիպված էր փախչել Հայաստան ։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ դարձան անօթևան ։



