
Արմինֆո. ՀՀ գործող իշխանություններն, արդեն չորս տարի է, ինտենսիվ բանակցություններ են վարում Թուրքիայի հետ։ Դրանք ընթանում են «առանց նախապայմանների, բայց ոչ մի քայլ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման» սկզբունքով, ինչը ևս մեկ անգամ օրերս հաստատեց Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, հայտարարելով, որ, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես, իրենք նույնպես արագ կկարգավորեն հարաբերությունները Հայաստանի հետ։ «Այս ամենն, իհարկե, շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ"», - գրել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանն իր հոդվածում:
«Վաշինգտոնյան նախաստորագրումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բառացիորեն հայտարարեց, որ Թուրքիան այս պահին արդեն որևէ պատճառ չունի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ Պարզվում է՝ ունի։ Հակառակ դեպքում՝ գոնե Հայաստան ժամանած Սերդար Քըլըչի հետ 4 տարվա մեջ արդեն վեցերորդ հանդիպման արդյունքում կոնկրետ առաջընթաց կարձանագրվեր։ Փոխարենը՝ հայտարարությունների պակաս չկա, որոնք հայ հանրությունը լսում է արդեն չորս տարի շարունակ։ Վերը նշված անեկդոտի մոտիվով՝ մի հարցնող լինի՝ արդյունքն ո՞ւր է․․․
Ուստի, ո՞րն է երաշխիքը, որ «Թրամփի ուղին» գործարկելուց հետո հայ-թուրքական սահմանը կբացվի։ Ի վերջո, Թուրքիան արդեն սկսել է կյանքի կոչել Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի բազմամիլիարդանոց ծրագիրը․ այն, ըստ նախատեսվածի, կմիանա Սյունիքով անցնող երկաթգծին։ Մինչդեռ գրեթե պատրաստ Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման համար դեռ քննարկվում է «ուսումնասիրությունների հանձնաժողով» ստեղծելու գաղափարը։ Ինչպես կասեր ամերիկացի գյուտարար Չարլզ Քեթերինգը, եթե ցանկանում եք որևէ ծրագիր ձախողել, հանձնաժողով ստեղծեք դրա ուսումնասիրության համար։
Այդ ամենը, ցավոք, հետևանք է հայկական կողմի ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականության, որն ավելի շատ դիմացինի ողորմածության հույսին է, քան նախաձեռնողականության։ Իսկ դիմացինները կամ հաճախ մոռանում են մեր երկրի անվանումը՝ «Ալբանիա» հիշատակելով, կամ պարզապես կասկածի տակ են դնում մեր սուվերեն գոյությունը՝ անվանելով «Արևմտյան Ադրբեջան»․․․
Գուցե հոռետեսները հարցնեն՝ կա՞, արդյոք, այլընտրանք։ Վստահաբար կա։ Պարզապես անհրաժեշտ է առանց հերթական հանձնաժողով ստեղծելու միասնական կամքով փոխել այն փոքրիկ խմբակին, ովքեր առաջնորդվում են հանրահայտ բանաձևով․ ինչ էլ որ լինի՝ իրենք իրենց պարտված չեն համարի…», ընդգծել է Տիգրան Դումիկյանը։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 12-ին, ՀՀ , ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը: Այս հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը: Հատուկ ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։
Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:
Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:
Եզրափակելով՝ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։