


Արմինֆո. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ, այլ հավատքի ու ազգային ինքնության ամրոց:Այս մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հայտարարությունում:
«Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարբերաբար հանդես է գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների հասցեին խիստ վիրավորական ու բացարձակապես անհիմն մեղադրանքներով։
Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում 2021թ․ փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները՝ անգամ համեմատելով դրանք սրբապատկերների հետ։
Նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ։ Սրբավայրերի մասին նման անարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր մեր ժողովրդի հոգևոր և նվիրական զգացումները։
Խստորեն դատապարտում ենք պատգամավորի այս պախարակելի արտահայտությունները և հորդորում քաղաքական գործիչներին զերծ մնալ Եկեղեցու թիրախավորումից», - ասվում է հայտարարությունում։


